| |
 |
Ի՞նչ է նշանակում
բնակչության սեյսմիկ պաշտպանությունը |
|

| |
Միջազգային չափանիշներով գնահատելով սեյսմիկ ռիսկը
Հայաստանի տարածքը այդ թվում և Երևանը գտնվում է սեյսմաակտիվ լարված
գոտում: Բնականաբար, այսօր քան երբևէ անհրաժեշտ է ակտիվացնել բնակչության
սեյսմիկ պաշտպանությունը: Աշխարհում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի
և դրանց հետևանքով առաջացած կորուստների վիճակագրությունը ևս հուշում
է, որ բնակչության իրազեկման հիմնախնդիրն արժանի է հատուկ վերաբերմունքի:
Իսկ բնակչության իրազեկության բարձրացման հիմնական միջոցը դա ուսուցանումն
է: Այն ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը` սկսած ավագ սերնդից
մինչև երիտասարդ սերունդ և շարքային քաղաքացուց մինչև իշխանության
ներկայացուցիչները: Ուսուցանված բնակչությունը այն ակտիվ հասարակությունն
է, որն ի վիճակի է իր արդյունավետ գործողություններով որոշակիորեն
նվազեցնել ուժեղ երկրաշարժի հնարավոր կորուստները: Երկրաշարժից
պաշտպանվելը ոչ միայն գործողություններ են մինչ երկրաշարժը, երկրաշարժի
ժամանակ և հետո, այլ գլխավորապես այն անհրաժեշտ պայմանների ստեղծումն
է, որոնք նվազեցնում են մարդկային եւ նյութական կորուստները:
Աշխարհի երկրաշարժերի և մասնավորապես Սպիտակի երկրաշարժի փորձը
ցույց տվեցին, որ եթե մարդիկ ուսուցանված լինեին, զոհերի և տուժածների
թիվը կտրուկ կնվազեր: Բնակիչները պետք է իմանան, թե ի՞նչ է սպասվում
իրենց երկրաշարժի դեպքում:
Հետաղետյան իրավիճակի մասին պատկերացում ունենալը կնպաստի ոչ միայն
խուճապի կանխմանը, այլեւ կօգնի իրականացնել որոշակի գործողություններ
աղետի հետևանքները նվազեցնելու համար: Առանց բնակչության ակտիվ
մասնակցության թերի կլինի սկզբնական բուժօգնության կազմակերպումը
մեծածավալ ավերածությունների ժամանակ: Բնակչությունը մեծ անելիքներ
ունի նաեւ աղետի գոտու վերականգնման գործում: Ուրեմն, բնակչության
ուսուցումը և իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու
ծրագրի կարևոր տարրերից մեկն է: Այդպիսի ուսուցման հիմանական ձևերն
են.
Ուսուցումն հանրակրթական դպրոցներում, որը համարվում է ամենաարդյունավետներից
մեկը: Մարդը վաղ հասակից ձեռք է բերում գիտելիքներ երկրաշարժի
մասին: Հատուկ տեղ է հատկացվում այն գործողությունների ուսումնասիրությանը,
որոնք պետք է կիրառվեն երկրաշարժի սպառնալիքի կամ աղետի դեպքում:
Ուսուցման հատուկ դասընթացների անցկացումը սեմինարների ձևով` հասուն
տարիքի բնակչության համար:
Հասարակական տեղեկատվությունը նույնպես շատ կարևոր է բնակչության
իրազեկման գործում, որը իրականացվում է հեռուստատեսության, ռադիոյի
և զանգվածային լրատվական տեղեկատվության այլ միջոցներով: Կարևոր
խնդիր է նաեւ այն մարդկանց ուսուցումը, որոնք մասնակցելու են երկրաշարժի
նախապատրաստման պլանի իրականացմանը: Նախազգուշացման համակարգի
պատասխանատուների ուսուցումը նույնքան կարևոր է, որքան անմիջական
փրկարարական կամ բուժօգնություն ցույց տվողներինը: Նախապատրաստման
շնորհիվ բարձր արդյունքների կարելի է հասնել միայն այն դեպքում,
երբ պլանի բոլոր կատարողները իրազեկված եւ պատրաստված լինեն: Մեզանից
յուրաքանչյուրը պետք է լրջորեն մոտենա բնակչության սեյսմիկ կուլտուրայի
բարձրացման խնդրին: |
| |
|
|
|
| Նորություններ |
 |
|