ՀՀ տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը

Սեյսմիկ ռիսկի գնահատումը

Սեյսմիկ վտանգը դա տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիքն է, որն արտահայտվում է ուժեղ ցնցումներով:
Սեյսմիկ վտանգի գնահատումը դա տարածքում երկրաշարժից առաջացող հնարավոր ցնցման առավելագույն ուժգնության գնահատումն է: Գնահատման արդյունքում կազմվում է սեյսմիկ շրջանացման քարտեզ, որը արտահայտում է սեյսմիկ վտանգի տարածքային բաշխումը:
Ըստ տարածքի սեյսմիկ շրջանացման մանրամասնության առանձնացվում է ընդհանուր և մանրամասն սեյսմիկ շրջանացում և սեյսմիկ միկրոշրջանացում:
Ընդհանուր սեյսմիկ շրջանացումը կատարվում է մեծ տարածքների համար, օրինակ` ամբողջ պետության տարածքի համար:
Մանրամասն սեյսմիկ շրջանացումը իրականացվում է առանձին մարզերի կամ շրջանների տարածքների համար:
Սեյսմիկ միկրոշրջանացումը կատարվում է առանձին բնակավայրերի կամ օբյեկտների տարածքների համար:
Սեյսմիկ ռիսկը դա երկրաշարժով պայմանավորված մարդկային, նյութական և այլ հնարավոր կորուստներն են: Սեյսմիկ ռիսկը պայմանավորված է մարդու գործունեությամբ և կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից ամենակարևորներն են շենքերի եւ շինությունների սեյսմակայունությունը և բնակչության խտությունը: Բացի նշված գործոններից ռիսկի մակարդակը կարող է փոփոխվել կախված բնակլիմայական, ինժեներաերկրաբանական, սոցիալ-տնտեսական և այլ պայմաններից:
Սեյսմիկ ռիսկը կարելի է բաժանել առաջնային և երկրորդային ռիսկերի:
Առաջնային ռիսկերը կապված են անմիջականորեն երկրաշարժով պայմանավորված մարդկային կորուստների և շենքերի ու շինություննրի փլուզման հետ:
Երկրորդային ռիսկերը արտահայտում են առաջնային ռիսկերի հետևանքով առաջացած կորուստները` օրինակ, շրջակա միջավայրի աղտոտումը, համաճարակները, բնակչության հոգեբանական սոցիալական վիճակի վատացումը, պետության ին‎ֆրակառուցվածքի նորմալ գործունեության խախտումը, երկրորդային տնտեսական կորուստները և այլն:
Սեյսմիկ ռիսկի գնահատումը կարող է կատարվել ինչպես պետության ամբողջ տարածքի համար, այնպես էլ առանձին բնակավայրերի և օբյեկտների համար:

 
Փնտրել

Վերջին երկրաշարժեր

Հոդվածներ


Նորություններ

Հայ Eng