Ընթացիկ սեյսմիկ իրավիճակը

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. մարտի 1-ից մինչև 7-ը

Ս.թ. մարտի 1-ից մինչև 7-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չեն գրանցել: Սեյսմիկ ռեժիմի ակտիվացում ՀՀ տարածքում չի նկատվում:
ՍՊԱԾ-ի Ազգային մոնիթորինգային դիտացանցի 8 կայաններում անջատվել են տարաբնույթ պարամետրերի 9 անոմալ փոփոխություններ: Այդ դիտակայաններն են Սուրենավանը, Կարճաղբյուրը, Ծովագյուղը և Արարատը (երկրաքիմիա), Շիրակամուտը, Վանաձորը, Փարաքարը և Վարդենիսը (ընդգետնյա ռադոն), Կարճաղբյուրը (ստորգետնյա ջրեր), որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի կենտրոնական մասում` Երևանյան, Փամբակ–Սևանի և Սոտքի ակտիվ բեկվածքների գոտիներում:
Տարածաշրջանում. 6 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:
Տարածաշրջանից դուրս. մարտի 6-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու Պադանգ քաղաքից 50 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Երկու ժամ անց նույն օջախում հետևել է 6.3 մագնիտուդով ուժեղ ցնցում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, վնասվել են էներգամատակարարման և հեռահաղորդակցման գծերը, ավերվել են հարյուրավոր շինություններ: Կղզիաբնակների մի մասը` վախենալով, որ կառաջանա ցունամի, լքել է ափամերձ շրջանը` հեռանալով դեպի կղզու խորքերը: Սակայն սեյսմոլոգների հավաստմամբ, ցունամիի վտանգ չկա, քանի որ երկրաշարժերի հիպոկենտրոնների խորությունը 30-35 կմ է: Երկրաշարժերը զգացվել են նույնիսկ Սինգապուրում և Մալայզիայում, որոնք գտնվում են աղետի գոտուց մոտ 430 կմ հեռավորության վրա: Մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ է 2004 թ. դեկտեմբերի ուժեղ երկրաշարժը և նրան հաջորդած ավերիչ ցունամին, որի հետևանքով զոհվեց մոտ 230 հազար մարդ: Ինդոնեզիան համարվում է սեյսմավտանգ գոտի, որտեղ հաճախակի կրկնվում են ուժեղ ցնցումները:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. փետրվարի 22-ից մինչև 28-ը

Ս.թ. փետրվարի 22-ից մինչև 28-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չեն գրանցել: Սեյսմիկ ռեժիմի ակտիվացում ՀՀ տարածքում չի նկատվում:
ՍՊԱԾ-ի Ազգային մոնիթորին?ային դիտացանցի 8 կայաններում անջատվել են տարաբնույթ պարամետրերի 9 անոմալ փոփոխություններ: Այդ դիտակայաններից են Սուրենավանը, Կարճաղբյուրը, Ծովագյուղը և Արարատը (երկրաքիմիա), Շիրակամուտը, Վանաձորը, Փարաքարը և Վարդենիսը (ընդգետնյա ռադոն), Կարճաղբյուրը (ստորգետնյա ջրեր) և այլն, որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի կենտրոնական մասում` Երևանյան, Փամբակ–Սևանի և Սոտքի ակտիվ բեկվածքների գոտիներում:
Տարածաշրջանում. փետրվարի 28-ին Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 55 կմ դեպի հարավ գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այս շրջանում փետրվարի 21-ին գրանցվել էր ավելի ուժեղ` 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 24-ին Հյուսիսային Պերուի ափամերձ շրջանում, Չիքլայո քաղաքից 65 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. փետրվարի 15-ից մինչև 21-ը

Վերջին շաբաթվա ընթացքում ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում գրանցել են մեկ երկրաշարժ: Ս.թ. փետրվարի 18-ին տեղական ժամանակով ժամը 6 անց 32 րոպեին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 32 կմ դեպի արևմուտք գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 3 բալ: Այս շրջանը սեյսմաբաններին հայտնի է 893թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած Դվինի պատմական ուժեղ երկրաշարժով: Այստեղով է անցնում Երևանյան խորքային ակտիվ բեկվածքը:
ՍՊԱԾ-ի Ազգային մոնիթորինգային դիտացանցի 9 կայաններում անջատվել են տարաբնույթ պարամետրերի 11 անոմալ փոփոխություններ: Այդ դիտակայանները տեղակայված են Հայաստանի արևմտյան և կենտրոնական մասերում, հիմնականում Երևանյան, Ախուրյանի և Փամբակ–Սևանի ակտիվ բեկվածքների գոտիներում:
Տարածաշրջանում. Թուրքիայում տեղի է ունեցել երեք երկրաշարժ. առաջինը 5-6 բալ ուժգնությամբ գրանցվել է փետրվարի 17-ին Սարիղամիշ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք, երկրորդը` 5 բալ ուժգնությամբ փետրվարի 19-ին Քարաքյոսե քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ երրորդը` 5 բալ ուժգնությամբ փետրվարի 21-ին Էլյազիգ քաղաքից 39 կմ դեպի հարավ: Այս շրջանում նկատվում է սեյսմիկ ռեժիմի որոշակի ակտիվացում:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 17-ին Ճապոնիայի Հոկայդո կղզու Կուշիրո քաղաքից 145 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին հետևել է 5.1 մագնիտուդով հետցնցում: Փետրվարի 20-ին Ինդոնեզիայի Մոլուքքաս կղզիների Տերնատե քաղաքից 205 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. փետրվարի 8-ից մինչև 14-ը

Ս.թ. փետրվարի 8-ից մինչև 14-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 2-3 բալ ուժգնությամբ գրանցել են երկու երկրաշարժ: Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 3 բալ ուժգնությամբ` Ստեփանավան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս, իսկ երկրորդը` փետրվարի 11-ին Աշոցք քաղաքից 7 կմ դեպի հարավ 2 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում. փետրվարի 9-ին Թուրքիայի Բասկիլ քաղաքից 35 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել է 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով բնակչության մոտ խուճապ է առաջացել, վիրավորվել է 30 մարդ, վնասվել են բնակելի շենքեր և վարչական շինություններ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում: Երկրաշարժին հաջորդել է 2.8-3.3 մագնիտուդով վեց հետցնցում:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 11-ին Հնդկական օվկիանոսում` Ինդոնեզիայի Սումատրա կղզու Բանդա-Աչեհ քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Նշենք, որ այս երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 2004թ-ին Ինդոնեզիայի ավերիչ երկրաշարժի օջախում, որից առաջացած ցունամիի զոհ դարձան երեք հարյուր հազարից ավելի մարդ: Հաջորդ օրը 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Գեներալ Սանտոս քաղաքից 125 կմ դեպի հարավ-արևելք:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. փետրվարի 1-ից մինչև 7-ը

Ս.թ. փետրվարի 1-ից մինչև 7-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում և հարակից երկրներում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել են հինգ թույլ երկրաշարժ, որոնցից 3 բալ ուժգնությամբ 4 սեյսմիկ ցնցում գրանցվել է փետրվարի 2-ից մինչև 6-ը Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում` Մեղրի քաղաքից համապատասխանաբար 27 կմ, 45 կմ, 52 կմ և 65 կմ դեպի արևելք: Փետրվարի 4-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Տաշիր քաղաքից 27 կմ դեպի արևմուտք, գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հայաստանի հարավ-արևելյան սահմանային գոտում դիտվում է սեյսմիկ ռեժիմի որոշակի ակտիվացում` թույլ երկրաշարժերի տեսքով:
Տարածաշրջանից դուրս. փետրվարի 4-ին Կարիբյան ծովում, Ջամայկա կղզու Մոնտեգո Բեյ քաղաքից 120 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել է 6.2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Նույն օրը 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում` Չիլիի Սանտյագո քաղաքից մոտ 4700 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. հունվարի 25-ից մինչև 31-ը

Ս.թ. հունվարի 25-ից մինչև 31-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանում գրանցել են մեկ երկրաշարժ` 3-4 բալ ուժգնությամբ, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին Վանաձոր քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք: Գավառի մոտ ս.թ. հունվարի 12-ին և 13-ին տեղի ունեցած ութ թույլ երկրաշարժերից հետո այդ տարածքում որևէ սեյսմիկ ցնցում չի գրանցվել:
Տարածաշրջանում. հունվարի 27-ին Թուրքիայում գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել Թուտակ քաղաքից համապատասխանաբար 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 24 կմ դեպի հարավ-արևելք: Հունվարի 21-ին Թուտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է յոթ 4-5 բալ ուժգնությամբ հետցնցում: Այս շրջանում շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 25-ին Թայվանի ափամերձ շրջանում` Թայթունգ քաղաքից 80 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որը զգացվել է Թայբեյ քաղաքի բնակչության կողմից: Հունվարի 30-ին Ավստրալիայի Մակիորի կղզուց 855 կմ դեպի արևմուտք գրանցվել է 6.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Նույն օրը Խաղաղ օվկիանոսում` Մարիանա կղզիների հյուսիսային մասում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Հունվարի 31-ին Խաղաղ օվկիանոսում` Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների Ռաուլ կղզուց 40 կմ դեպի հարավ գրանցվել է 6.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. հունվարի 18-ից մինչև 24-ը

Ս.թ. հունվարի 18-ից մինչև 24-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չեն գրանցել:
Տարածաշրջանում. հունվարի 18-ին Վրաստանում` Ախալքալակ քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հունվարի 21-ին Թուրքիայի Թուտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին հունվարի 21-ից 24-ը հետևել է 4-5 բալ ուժգնությամբ հինգ հետցնցում: Ագրի գավառի երկու գյուղերում կան շինությունների վնասվածքներ, իսկ բնակչության մոտ խուճապ է առաջացել:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 21-ին Ինդոնեզիայի տարածքում, Մոլուքքա ծովում` Մոլուքքաս կղզիների Տերնատե քաղաքից 120 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 7.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին հետևել է 24 հետցնցում` 5-ից ավելի մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով Մանադո քաղաքում երեք մարդ վիրավորվել է, կան շինությունների վնասվածքներ, բնակչությունը խուճապի հետևանքով լքել է բնակավայրերը:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. հունվարի 11-ից մինչև 17-ը

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում սեյսմիկ ռեժիմն ակտիվացել է: Ս.թ. հունվարի 11-ից մինչև 17-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները գրանցել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 3 բալ և ավելի ուժգնությամբ ութ երկրաշարժ: Հունվարի 12-ին Գավառ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այն զգացվել է Հայաստանի տարածքի մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Լանջաղբյուրում, Գեղարքունիքում և Գավառում` 4-5 բալ, Վարդենիսում, Կարճաղբյուրում, Սեւանում և Չարենցավանում` 4 բալ, Երեւանում /Քանաքեռ, Ավան, Նորքի զանգված/` 3 բալ ուժգնությամբ: Նույն օրը, գրեթե նույն տեղում, տեղի են ունեցել ավելի թույլ` 3-5 բալ ուժգնությամբ հինգ սեյսմիկ ցնցումներ: Հաջորդ օրը գրանցվել է ևս երկու սեյսմիկ ցնցում` 3-4 բալ ուժգնությամբ: ՍՊԱԾ-ի մոնիթորինգային դիտակայաններում գրանցվել են ընդգետնյա ռադոնի, ստորգետնյա ջրերի մակարդակի և ֆիզիկաքիմիական կազմի, այլ պարամետրերի թվով 18 անոմալ փոփոխություններ 13 դիտակայաններում, որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի կենտրոնական մասում:
Տարածաշրջանում. հունվարի 11-ին 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում` Դաղստանի Մախաչկալա քաղաքից 90 կմ դեպի արևելք:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 13-ին Ռուսաստանի Կուրիլյան կղզիների Սևերո-Կուրիլսկ քաղաքից 505 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 8.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որին հետևել է 13 հետցնցում` 5-ից ավելի մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով բնակչության մոտ առաջացել է խուճապ: Տեղական իշխանությունները կազմակերպել են բնակչության տարահանում:

 

 

Սեյսմիկ ռեժիմը 2007 թ. հունվարի 1-ից մինչև 10-ը
Ս.թ. հունվարի 1-ից մինչև 10-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ երկրաշարժ: Հունվարի 4-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Գյումրի քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում: ՍՊԱԾ-ի մոնիթորինգային դիտակայաններում գրանցվել են ընդգետնյա ռադոնի, ստորգետնյա ջրերի մակարդակի և ֆիզիկաքիմիական կազմի, այլ պարամետրերի թվով 10 անոմալ փոփոխություններ 7 դիտակայաններում, որոնք տեղակայված են հիմնականում Հայաստանի կենտրոնական մասում:
Տարածաշրջանում. հունվարի 4-ին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Մերենդ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք: Հունվարի 8-ին Թուրքիայի Ահլաթ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս. հունվարի 8-ին Հնդկաստանի Նիկոբար կղզիների Միշա քաղաքից 100 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Նույն օրը Ղրղզստանի Սուլյուքտու քաղաքից 65 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չկան: Հունվարի 9-ին Ֆիջիի Նդոյի կղզուց 255 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որը ցունամի չի առաջացրել:
"ՍՊԱԾ" գործակալություն

 

Փնտրել

Վերջին երկրաշարժեր

Հոդվածներ


Նորություններ