| |
 |
Երեխաների
համար նախատեսված ուսուցողական թեմա` |
|

| |
| Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում
է սեյսմաակտիվ գոտում, մեր նպատակն է դպրոցական աշակերտներին տալ
այն համառոտ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են երկրաշարժից պաշտպանվելու
համար: |
| |
| Բնական աղետներ, ի՞նչ է երկրաշարժը |
|
Ողջ աշխարհով մեկ փորձում են պաշտպանվել բնության
ահեղ երևույթներից` երկրաշարժերից, ջրհեղեղներից, հրաբուխներից,
փոթորիկներից, սողանքներից և այլն: Մեր մոլորակի վրա ամեն օր
տեղի են ունենում երկրաշարժեր:
Երբեմն պատահում է այնպես, որ հողն սկսվում է ցնցվել: Օրորվում
են առաստաղից կախված լամպերը, շրխկոցով բացվում են դռները, ճաքճքում
են պատերը: Մարդիկ սարսափահար դուրս են վազում փողոց: Երկրաշարժ
է…
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել
փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ
առաջանում են խոր ճաքեր, տեղի են ունենում փլուզումներ: Փոխվում
է գետի հունը, առաջանում են նոր աղբյուրներ և այլն:
Երկրաշարժերն առաջանում են, երբ երկրի մակերեւույթից տասնյակ,
իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է
ունենում ապարների տեղաշարժ: Այդ տեղում առաջանում է երկրաշարժի
օջախ, որտեղ բնահողի ցնցումներն ու տատանումներն առանձնապես
ուժեղ են լինում: Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է
երկրաշարժի օջախի վերեւում, կոչվում է էպիկենտրոն:
Երկրաշարժերն ամենից հաճախ տեղի են ունենում լեռնային շրջաններում:
Հայաստանի տարածքում նույնպես տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ
երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ,
ավերվել են շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ
երկրաշարժի օրինակ է հանդիսանում 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի
ունեցած Սպիտակի երկրաշարժը:
Մեկ տարում երկրի վրա տեղի է ունենում ավելի քան հազարավոր երկրաշարժեր:
Որպեսզի որոշեն երկրաշարժի ուժը, մասնագետները ամեն մի երկրաշարժին
տալիս են գնահատական: Որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր
է նրա գնահատականը: Ամենաբարձր գնահատականը դա 10-12 բալն է,
3-4 բալ գնահատված երկրաշարժը համարվում է թույլ: Միշտ չէ, որ
երկրաշարժը լինում է ուժեղ, երբեմն հողը ցնցվում է աննշան, հազիվ
նկատելի, եւ դա ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի
համար:
Երբեմն երկրաշարժի օջախն առաջանում է օվկիանոսի հատակի տակ:
Ցնցումներից առաջանում են ծովային վիթխարի ալիքներ` ցունամիներ,
որոնք սլանում են մեծ արագությամբ, ափի մոտ բարձրանում են 10-15
մետր եւ առաջ բերում հսկայական ավերածություններ:
Գիտնականները սարքավորումների օգնությամբ հետևում են երկրակեղևի
տատանումներին: Երկրագնդի որևէ մասում տեղի ունեցած երկրաշարժից
բոլոր ուղղություններով տարածվում են սեյսմիկ ալիքներ, նմանվելով
այն ալիքներին, որոնք առաջանում են քարը ջրի մեջ նետելիս: Ալիքները
հասնում են դիտակայաններին և գրանցվում:
Գիտնականները կազմել են տարբեր ուժի ու հաճախականության երկրաշարժերի
շրջանների քարտեզներ, որոնք կոչվում են սեյսմիկ շրջանացման քարտեզներ:
Մարդիկ սովորում են կանխատեսել երկրաշարժերը, ջանում են պաշտպանվել
նրանց ավերիչ ուժից, սովորելով դրանցից պաշտպանվելու վարքականոնները: |
| |
| Անհրաժեշտ գիտելիքներ երկրաշարժից
պաշտպանվելու համար |
| Բոլորս էլ պետք է քաջ գիտակցենք, որ մենք ապրում
ենք սեյսմավտանգ գոտում, սակայն դա չպետք է խաթարի մեր առօրյան,
քանի որ այսօր կան երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ |
| |
Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին |
1. Գիտենալ տան, դպրոցի կամ աշխատավայրի ամենաանվտանգ
տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ:
2. Նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն
հեռանալու կարճ և ամենաանվտանգ ուղին: Պայմանավորվել ընտանիքի
անդամների հետ (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք տարբեր տեղերում)
հանդիպման տեղի մասին:
3. Տիրապետել առաջին օգնության ձևերին:
4. Տանը` մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ:
Պայուսակի մեջ պետք է լինեն`
ա. առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք, վիրակապական նյութեր);
բ. մարտկոցով ռադիոընդունիչ եւ գրպանի լապտեր;
գ. կարեւոր փաստաթղթեր եւ տաք հագուստ;
դ. պահածոյացված սնունդ եւ խմելու ջրով լի տարա: |
| |
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ |
1. Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս
անհապաղ դուրս գալ և հեռանալ բաց տարածություն: Վերին հարկերում
գտնվելիս կամ ստորին հարկերից դուրս չգալու դեպքում պատսպարվել
ապահով տեղերում` հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից:
Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանների, մահճակալների
տակ:
Եթե գտնվում եք շենքի երրորդ և ավելի բարձր հարկերում, դուրս մի
եկեք շենքից, այլ պատսպարվեք նրա ապահով մասերում, քանի որ երկրաշարժի
տեւողությունը փոքր է և չեք հասցնի շենքից դուրս գալ: Բացի այդ,
շատ շենքերի թույլ մասերից են սանդուղքները և սանդղահարթակները:
2. Փողոցում գտնվելիս հեռանալ շենքերից և էլեկտրահաղորդալարերից
դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս խնդրել վարորդին
կանգնեցնել մեքենան բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչեւ
ցնցումների ավարտը:
3. Ցնցումների ժամանակ դրսում գտնվելիս չմտնել շենք որեւէ մեկին
օգնելու համար, այլ սպասել մինչև ցնցումների ավարտը:
4. Եթե փոշի է բարձրացել և կա խեղդվելու վտանգ, հագուստով ծածկել
շնչառական ուղիները` որպես դիմակ:
5. Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվել միայն գրպանի լապտերից
(հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ
ժամանակ չկորցնելով` վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակը, փաստաթղթերը
և գործել իրավիճակին համապատասխան: |
| |
Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո |
1. Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորությունների
սահմնաններում հարկավոր է տեղափոխվել անվտանգ տեղ, կարիքի դեպքում`
ցույց տալ բուժօգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (գոռալ,
հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների
հետ:
2. Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում
պետք չէ խուճապի մատնվել. անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ
շարժումներ չանել, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանել մի
քանի մասի եւ խնայողաբար օգտագործել այն:
3. Եթե ծարավ եք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում
հողը թաց է և առաջացել են ջրափոսեր, ձեր հագուստից կտրեք մի կտոր
եւ դրա միջոցով խմեք: Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես
մեղմացնում է ծարավի զգացումը:
4. Պետք է հիշել, որ ձեզ որոնում են և կփրկեն:
5. Հիմնական ցնցումից հետո լինում են ուժեղ հետցնցումներ, որոնց
հավանականությունը մեծ է առաջին րոպեներին: Ուստի, եթե դրսում
եք, մի շտապեք շենք մտնել որևէ մեկին օգնելու կամ թանկարժեք իրերը
փրկելու նպատակով:
6. Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ եղեք, որպեսզի
ձեր վրա չընկնեն ծանր արարկաներ, կամ աչքերը փոշի չլցվի: |
| |
|
|
|
| Նորություններ |
 |
|