Սեյսմիկ վտանգի գնահատումը

 
 

Սեյսմիկ վտանգի գնահատումը ներառում է երկարաժամկետ և ընթացիկ վտանգի գնահատումները:
Երկարաժամկետ գնահատման նպատակով կազմվել է 1:500:000 մասշտաբի ՀՀ սեյսմիկ շրջանացման նոր քարտեզը: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը անհրաժեշտ է բնակչության անվտանգության ապահովման համար կառավարության ու իշխանության տեղական մարմինների բոլոր օղակների կողմից համապատասխան հակամիջոցներ ձեռնարկելու համար:
Երկրաշարժերի կանխատեսումը ունի երկու հիմնական տեսանկյուն` գիտական և սոցիալական: Հավանականային մոտեցումը (և ոչ տարբերակվածը, որը պահանջում է ճշգրիտ որոշել սպասվելիք երկրաշարժի տեղը, ժամանակը և ուժը) կանխատեսման գիտական տեսանկյունով թույլ է տալիս արդյունավետ կերպով օգտագործել գիտական հետազոտությունների միջանկյալ արդյունքները կանխատեսման սոցիալական հիմնախնդիրների` ուժեղ երկրաշարժերից բնակչության ու պետության պահպանության լուծման համար: Ելնելով ՀՀ ՍՊԱԾ-ի աշխատանքային փորձից, միջանկյալ արդյունքների շարքին է դասվում ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման հնարավորությունը այնպիսի ճշտությամբ, որ բավարար լինի ուժեղ երկրաշարժերից բնակչությանը պաշտպանելու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:
Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը ենթադրում է ՀՀ ՍՊԱԾ-ի, Կառավարության և տեղական իշխանության մարմինների պրոֆիլակտիկ և օպերատիվ գործողություններ` ՀՀ ՍՊԱԾ-ի փորձագետների խորհրդի գնահատած սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան:
ՍՊԱԾ-ի ավելի քան 150 դիտակայաններից կազմված դիտարկման բազմապարամետրային ցանցի գրանցած` տարբեր դաշտերի նախա-, բուն- և հետսեյսմիկ անոմալիաների հետահայաց վերլուծության հիման վրա ստեղծված է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման փորձագիտական համակարգ` կազմված “DF” և “Expert” ծրագրերի փաթեթներից: “DF” ծրագրի օգնությամբ անջատվում են տարբեր դաշտերի միջնաժամկետ, կարճաժամկետ և օպերատիվ սեյսմածին անոմալիաները: “Expert” ծրագրի հիման վրա, ըստ բացահայտված սեյսմածին անոմալիաների, դիտարկումների տարբեր փուլերում որոշվում են ընթացիկ սեյսմիկ վտանգի տեղը, ժամանակը և ուժը: “Expert” ծրագրի հիմքում դրված են ՀՀ ՍՊԱԾ-ում ստեղծված գիտելիքների ու տվյալների բազան:
Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով կատարվել է Հայաստանի տարածքի և հարակից երկրների սեյսմիկ իրադարձությունների տեստավորում: Տեստավորվել են 1983–2002թթ. տեղի ունեցած 11 ուժեղ տարածաշրջանային (M≥6.0) և 7 զգալի տեղական (M≥3.7) երկրաշարժերի դրսևորումները բազմապարամետրային դիտարկումների տվյալների հետադարձ (ռետրոսպեկտիվ) վերլուծության հիման վրա: Կառուցվել է տեստավորված երկրաշարժերի նախանշանների Կատալոգ, որն ընդգրկում է 167 տեստային անոմալիա-նախանշան 15 պարամետրերով: Որոշվել են բոլոր նախանշանների սեյսմիկ իրականացման հավանականությունները: Այդ աշխատանքն ունի գործնական և կիրառական մեծ նշանակություն: Տեստերը ամեն օր օգտագործվում են Հայաստանի ՍՊԱԾ-ի օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքում: Դրանք թույլ են տալիս օպերատիվ կերպով գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը, հիմք են հանդիսանում ՍՊԱԾ-ի զեկույցների համար ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությանը ընթացիկ սեյսմիկ իրադրության և նրա հնարավոր սրման դեպքում անհրաժեշտ հակամիջոցների վերաբերյալ: Բացի այդ, երկրաշարժերի տեստերը հնարավորություն են ընձեռում գնահատելու ՍՊԱԾ-ի դիտացանցից ստացվող տեղեկատվության որակը: Դիտացանցերի ինֆորմատիվության, սեյսմիկ իրադարձությունների նախապատրաստմանը դիտակետերի արձագանքելիության և տարբեր տիպերի նախանշանների դրսևորումների որոշման արդյունքները մեթոդական հիմք են հանդիսանում ՍՊԱԾ-ի Ազգային բազմապարամետրային դիտացանցի հետագա զարգացման և բարելավման համար:

 
Փնտրել

Վերջին երկրաշարժեր

Հոդվածներ


Նորություններ

Հայ Eng